Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ եւ նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է  բարձր պահել Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյանանուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը:

«Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետեւ անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից եւ ամեն քայլ պետք է լինի իր եւ մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաեւ ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները եւ սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի զինծառայողները:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ եւ շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դիլիջանյան կրթահամալիրի տարածքում: