Բիլ Քլինթոնի հետ սեքսուալ կապի պատճառով տեղի ունեցած սկանդալի մասնակից Մոնիկա Լեւինսկին հեռացել է հարցազրույցի տաղավարից, երբ նրան հարցրել են՝ արդյոք նա ներողության է սպասում ԱՄՆ նախկին նախագահից, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը:
Պարբերականի համաձայն՝ Լեւինսկին խոսել է Channel 2-ով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատմելով Քլինթոնի հետ սեռական սկանդալից հետո իր կյանքի մասին: «Հուզական» խոսքից հետո նա պետք է զրուցեր տեղական լուրերի հաղորդավար Յոնիթ Լեւիի հետ: Սակայն առաջին հարցից հետո այն մասին, արդյոք նա ներողության է սպասում Քլինթոնից, Լեւինսկին լքել է հարցազրույցի տաղավարը:
«Կներեք, բայց ես չեմ կարող դա անել»,- ասել է նա հեռանալուց առաջ: Մամուլի ասուլիսի կազմակերպիչները չեն կարողացել բացատրել Լեւինսկիի պահվածքը: Նրա ներկայացուցիչը նույնպես չի կարողացել պատասխանել՝ արդյոք կապված էր նրա պահվածքը հնչեցված հարցի հետ:
Ավելի ուշ Լեւինսկին իր թվիթերյան էջին Լեւիին մեղադրել էր նրանում, որ հաղորդավարը շփոթեցրել է իրեն եւ հայտարարել է, որ իրենք նախապես քննարկել էին այն հարցերը, որոնց ինքը պատրաստ էր պատասխանել: Նա նաեւ ընդգծել է, որ հեռուստահաղորդավարի հարցը «զարհուրելի արհամարանք» էր իրենց պայմանավորվածության նկատմամբ:





























