ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգեւատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով:

ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին եւ հանձնելով պարգեւները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ եւ պատվախնդիր աշխատանքի, այդպիսով նաեւ պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը, լավագույն արժեքները կարեւոր նախադրյալ են ժամանակակից հասարակության պահանջներին եւ ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության ֆունկիցոնալ դերակատարության վերարժեւորման համար:

Համակարգի հետ շփումների սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարեւորեց Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է ունեցել  Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ ուշադրությամբ հետեւում են դատախազության ներկայիս գործունեությանը, հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի սահմաններում օժանդակելու համակարգին: