Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, Կայուն աճի եւ զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ծրագրի համակարգողներ Վահրամ Ջալալյանին, ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին:
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումից մինչեւ բաց կառավարման համակարգ՝ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի տարբեր հարցեր:
Սակայն առանցքային խնդիրը դպրոցաշինությունն էր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվերի շրջանակներում իրականացված տիպարային դպրոցների նախագծի հիմնարար սկզբունքներից են կրթության նոր պահանջներին համապատասխանող տարածքների ապահովումը, ներառական պահանջների եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, շենքի՝ նաեւ որպես համայնքային կենտրոն օգտագործման հնարավորությունը եւ այլն:
Դմիտրի Մարիյասինը խոսեց նման նախագիծ կյանքի կոչելու հետ կապված որոշակի դժվարությունների մասին:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներն անդրադարձան ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որի շրջանակներում նախատեսված 46 դպրոցներից ներկայում կառուցվում են 6-ը: Թեեւ այս ուսումնական հաստատությունները կառուցվում են անհատական նախագծերով, սակայն ձգտել են պահպանել սահմանված չափորոշիչները՝ չզիջելու համար տիպարային նախագծերին:
«Քննարկված բոլոր նախաձեռնություններին պետք է նոր թափ հաղորդել»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հավաստիացրեց, որ Կոմիտեն աջակցելու է ոչ միայն նոր դպրոցների կառուցման, այլեւ եղածների բարեկարգմանն ու վերանորոգմանը:




























