ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել հասարակական մոնիթորինգի խմբի հետ առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու մասին հայտարարվել էր դեռեւս հուլիսի 4-ին. խումբը հնարավորություն կունենա ուսումնասիրել զինծառայողների մահվան գործերով վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին՝ ՔԿ-ի հայտարարությանն արձագանքելու և մոնիթորինգի խմբում ընդգրկվելու համար ցուցաբերած հետաքրքրության համար:
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք և վստահ լինենք, որ բարիկադների տարբեր կողմերում չենք, և մեր միակ նպատակն է՝ յուրաքանչյուր քրեական գործով բացահայտել անձանց և մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Քննիչը շահագրգիռ կողմ է գործի բացահայտման գործում: Միաժամանակ գիտակցում եմ, որ առանձին քրեական գործերով հանրության մոտ կան չփարատված կասկածներ և հենց այդ պատճառով է, որ մեր նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ»,- ընդգծել է ՔԿ նախագահը:
Նա նկատել է, որ վերջին տարիներին հանցագործությունների բացահայտման գործում որոշակի դրական առաջընթաց է նկատվում՝ միաժամանակ ընդգծելով բացթողումների մասին:
Հասարակական մոնիթորինգի խմբի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև նախորդ տարիներին զինծառայության ընթացքում տեղի ունեցած մահվան մի շարք դեպքեր, որոնց քննության վերաբերյալ հասարակության շրջանում կան չփարատված կասկածներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել առաջիկա տասն օրվա ընթացքում, որի ժամանակ ՀԿ-ները հանդես կգան առաջարկություններով՝ խմբի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:




























