Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Եկամտաբեր աջակցության» ծրագրի շահառու իրաքահայ ընտանիքին անպիտան ապրանքներ չի տրամադրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԿԽԸ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչ Արմինե Քոչարյանը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել էր իրենց տրամադրվող օգնության անպիտանությունից, այդ թվում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրված կոնկրետ ապրանքներից։
ՀԿԽԸ-ից հայտնեցին, որ Արմինե Քոչարյանը սոցիալական աջակցության շահառու չէ և իրենցից սննդային աջակցություն չի ստանում։
«Նա միայն «Եկամտաբեր աջակցության» ծրագրի շահառու է, քանի որ ամուսինն ունի փախստականի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս դիմելու և ստանալու համապատասխան աջակցություն՝ սեփական բիզնես սկսելու համար»,–պարզաբանեցին ՀԿԽԸ–ից՝ միաժամանակ նշելով, որ իրենք Նոր Նորքի հանրակացարանում երկարաժամկետ պահպանման սննդի փաթեթ տրամադրում են միայնակ և առավել անապահով տարեցներին։
Անդրադառնալով կոնկրետ ապրանքների վերաբերյալ իրաքահայի կնոջ հայտնած դժգոհությանը՝ ՀԿԽԸ-ից պարզաբանեցին. «ՀԿԽԸ-ի կողմից շահառուին թիկնոց (накидка) և կոշիկ չի տրամադրվել, փոխարենը նա ստացել է 287 000 դրամի 11 անուն մասնագիտացված գույք՝ վարսավիրական գործունեություն ծավալելու համար։ Տրամադրված աջակցության ամբողջ ցանկը՝ մակնիշը, տեսակը և գները նախապես համաձայնեցվում են դիմողի հետ, ինչը նա հաստատում է իր ստորագրությամբ, որից հետո միայն կազմակերպվում է դրանց ձեռքբերումը։ Ապրանքների ձեռբերմանը և տրամադրմանը վերաբերող բոլոր փաստաթղթերն առկա են ՀԿԽԸ գրասենյակում»։
ՀԿԽԸ–ից նաև տեղեկացրին, որ մինչեւ օրս իրենց ընկերության բազայում գրանցված է 1738 ընտանիք, որից 1583–ը ստացել է գործիք, սեփական գործ սկսելու կամ բիզնեսը բարելավելու նպատակով, որոնցից 110-ը՝ կրկնակի։
Խոսքը վերաբերվում է Իրաքից, Սիրիայից, Ադրբեջանից, Ուկրաինայից և այլ երկրներից տեղահանված մարդկանց, ովքեր այս ծրագրի շնորհիվ ստացել են Հայաստանում աշխատելու և սեփական ապրուստը վաստակելու հնարավորություն։





























