Սեւանի խճուղում` Հյուսիսային ավտոկայանի դիմաց փետրվարի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԳԱԶ 24 մակնիշի 09 ՍՕ 760 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան մեծ արագությամբ վարելով` չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է «R&V կոմֆորտ» շինանյութի խանութի դիմաց տեղադրված ծաղկամաններին:
Մեքենան հարվածից կանգ չի առել, այլ շուռ տալով ծաղկամանները` շարունակել է ընթացքը մոտ 150 մետր եւ բախվել հարեւանությամբ կայանված «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարին:
Արդյունքում վարորդը եւ 4 ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա Արթուր Առուշանյանը, 25-ամյա Տիգրան Աբրահամյանը, 55-ամյա Գարեգին Թունյանը, 24-ամյա Հարություն Թովմասյանը եւ 25-ամյա Նարեկ Ղուկասյանը:
Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատանքներ է կատարում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Վթարի վայրի տեղազննման եւ նկարահանման աշխատանքներ կատարելուց հետո, Վանյանը մեկնելու է բժշկական կենտրոն` ճշտելու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է տուգանային հրապարակ:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























