ԱՄՆ-ի հայ համայնքը մտադիր է երկրորդ անգամ ընդդիմանալ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելուն: Հայ լոբբիստները վստահեցնում են, որ Բրայզան ոչ օբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ: «Հայությունը հերթական անգամ հիասթափվեց նախագահ Օբամայից, ով չկատարեց հայ համայնքին տված  իր խոստումներից եւ ոչ մեկը: Չնայած նրան, որ նրա կուսակցության ներկայացուցիչ սենատորները դեմ հանդես եկան Բրայզայի թեկնածությանը, Օբաման, այնուամենայնիվ, նրան նշանակեց Ադրբեջանում դեսպան»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի`  ANCA-ի գործադիր տնօրեն Արան Համբարյանը: Նա շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին եւ Բոքսերին, ովքեր վետո դրեցին Բրայզայի թեկնածության վրա:

«Մենք ակնկալում ենք, որ սենատորները կպաշտպանեն ԱՄՆ շահերը, ամերիկյան արժեքները եւ իրենց ուժերի ներածի չափով ամեն  ինչ կանեն, որպեսզի Բրայզայի հաստատումն իր պաշտոնում տեղի չունենա»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, սենատորների արձակուրդների ժամանակ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կողմից առաջադրված թեկնածուին` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանոմ ԱՄՆ դեսպան, չնայած այն հանգամանքին, որ նրա թեկնածությունը Սենատում մեծ դիմադրության արժանացավ:    

Համաձայն ամերիկյան օրենսդրության, խորհրդարանական արձակուրդների ընթացքում ԱՄՆ նախագահին թույլ է տրվում ինքնուրույն որոշում կայացնել դեսպանների նշանակման հարցում:

Հաշվի առնելով, որ սենատորները չհաստատեցին նրա թեկնածությունը (ինչպես նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը), Օբաման օգտվեց օրենքով իրեն վերապահված հնարավորությունից:  

Սակայն կա մեկ «բայց». եթե մինչեւ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը դեսպանները չհաստատվեն Սենատի կողմից, նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց պաշտոններին:

Այդ պատճառով էլ Սպիտակ տունը ստիպված եղավ սպասել մինչեւ նստաշրջանի ավարտը  եւ վերստին Բրայզայի թեկնածությունը դրվեց քննարկման:  

Եթե Մեթյու Բրազյան արժանանա սենատորների հավանությանը, ապա հնարավորություն կստանա շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում` անկախ Սենատի նստաշրջանի ժամկետի ավարտից:

Հիշեցնենք, որ Բրայզան նախօրեին` փետրվարի 6-ին  Բաքու է մեկնել: