Բեռլինում կողոպտել են Միխայիլ Խոդորկովսկու մասին վավերագրական ֆիլմ նկարահանած Կիրիլ Տուշիի գրասենյակը: Տուշին լրատվամիջոցներին հայտնել է, որ գրասենյակից գողացել են մի քանի համակարգիչներ, որոնցից մեկում եղել է «Խոդորկովսկի» ֆիլմի կրկնօրինակը:
Նշենք, որ կինոնկարի պրեմիերան պետք է կայանա փետրվարի 14-ին` Բեռլինի կինոփառատոնի շրջնակում: Տուշին վստահեցրել է, որ տեղի ունեցած կողոպուտը չի խոչընդոտի ֆիլմի ներկայացման աշխատանքին, քանի որ մինչեւ կողոպուտը կինոփառատոնին տրամադրվել է ֆիլմի օրինակ:
Տեղեկացնենք, որ ֆիլմի աշխատանքը տեւել է մոտ 5 տարի: Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Իսրաելում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուաստանում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ռուսաստանյան «ЮКОС» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկուն 2010 թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել խոշոր չափի ունեցվածքի հափշտակման եւ դրա յուրացման մեջ:





























