Մեքսիկայի խորհրդարանի քաղաքական համակարգման խորհրդի ղեկավար Մարիո Դելգադոն հայտարարել է պատգամավորների արտասահմանյան ուղեւորությունների չեղարկման մասին՝ հանուն բյուջեի միջոցների տնտեսման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բյուջեի միջոցների տնտեսման ծրագիրը առաջին քայլերից մեկն է դարձել, որոնց մասին Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր հուլիսի 1-ի ընտրություններում հաղթանակից հետո: Նա խոստացել է չեղարկել բյուջեի հաշվին պետական պաշտոնյաների բժշկական ապահովագրությունը եւ հայտարարել, որ իր իշխանության գալուց հետո ոչ մի պետպաշտոնյա այլեւս չի կարողանա ավելի շատ ստանալ, քանի ինքը՝ պետության ղեկավարը: Աբրադորն իր աշխատավարձը սահմանափակել է ամսական 108 հազար պեսոյով (գրեթե 5,6 հազար դոլար):

Դելգադոյի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ խորհրդարանի ստորին պալատը հրաժարվում է Կանադայում ParlAmericas լիագումար ասամբլեայում եւ Բալիում կայուն զարգացման համաժողովում իր ներկայացուցիչների մասնակցությունից: Երկու միջոցառումներն էլ անցկացվելու են սեպտեմբերին: