Կոռուպցիայի դեմ պայքարը շատ լավ բան է, բայց դրան զուգահեռ կարեւոր է երկիրն արագընթաց տեմպերով առաջ տանել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է զարկ տալ պետական, համայնքային, սոցիալական բնակարանային շինարարությանը. «Պետք է վերացվի կանխավճարը բնակարան ձեռք բերելու ժամանակ: Մարդը բնակարան առավ, բնակարանը բանկի սեփականությունն է, ինչու ես մարդուց 30 տոկոս կանխավճար ուզում: Պետական բնակարանային շինարարությունը պետք է արվի Երեւանի միջոցներով»:

Նա առաջարկեց, որ ոչ միայն եկամտահարկը, այլեւ գույքահարկի միջոցներն ուղղվեն հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը:

ՕԵԿ նախագահը նշեց, որ շատ լավ ծրագիր են ներկայացրել եւ վստահություն հայտնեց, որ թիմը կկարողանա հասանելի դարձնել այն երեւանցիներին:

«Բոլոր թեկնածուներին ողջունելով՝ ասեմ, որ Մհեր Շահգելդյանը շահեկանորեն տարբերվում է իր փորձառու հայացքով, իր ապրած կյանքով, բարձր գիտելիքներով ու կրթությամբ, ազնիվ կեցվածքով, շիտակ հայացքով Հայաստանում առկա խնդիրներին»,-ասաց նա: