«Կովկասի էմիրության» առաջնորդ Դոկու Ումարովը ուղերձ է տեսագրել, որն արդեն հայտնվել ինտերնետում: Ծայրահեղականների առաջնորդը խոստացել է Ռուսաստանին «արյան եւ արցունքի տարի» կազմակերպել: Իսկ ահաբեկչությունների քանակն ու պարբերականությունը, ըստ նրա, կախված է լինելու ռուսական ղեկավարության քաղաքականությունից:
Ումարովը հայտարարել է, թե իր շարքերում կան ահաբեկիչներ, որոնք ունակ են ցանկացած պահի «մեծ առաքելություն» կատարել: Ըստ նրա, այս պահին կան նման պատրաստություն անցած 50-60 մարդ: Բայց գլխավորն այն է, որ բոլոր ահաբեկչություններն ուղղված են լինելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նրա զինակիցների դեմ:
Ըստ Ումարովի, Պուտինը չի թաքցնում իր ատելությունը կովկասցիների նկատմամբ եւ պարբերաբար ծաղրում է նրանց: Տեսաուղերձը անուղղակի կերպով վկայում է, որ Դոկու Ումարովը կապ ունի հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության հետ:





























