Հայաստանի Արտակարգ իրավիճակների եւ կրթության ու գիտության նախարարներն այսօր՝ փետրվարի 7-ին կայցելեն Երեւանի թիվ 21 դպրոց: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը արժեքավոր նվերներ ու պարգեւներ կհանձնի երկու դպրոցականների ու զինղեկին` պայթուցիկ նյութի հայտնաբերման ժամանակ ցուցաբերած գրագետ վարքի, աչալրջության ու ժամանակին ահազանգելու համար:
Անցյալ տարի, նոյեմբերի 13-ին, ժամը 13.22-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 54/2 շենքին հարակից տարածքում քաղաքացիների կողմից ական է հայտնաբերվել:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում թիվ 21 դպրոցի 7բ դասարանի աշակերտներ` 14-ամյա Վաչե Կարենի Ղարիբյանը եւ 13-ամյա Վլադիմիր Հենրիկի Խուդարին վերը նշված հասցեում նռնակներ են հայտնաբերել: Պատանիներն անմիջապես դրա մասին հայտնել են դպրոցի զինղեկ Յուրի Հովհաննիսյանին եւ ինժեներ-տեխնիկ Վլադիմիր Միրզախանյանին, որոնք էլ ահազանգել են փրկարար ծառայություն:
Մինչ սակրավորների ժամանումը` ՀՓԾ եւ ոստիկանության աշխատակիցների կողմից տարածքը շրջափակվել է:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ԶՈՒ ինժեներական վարչության բաժնի ավագ սպայի կողմից առվից դուրս է բերվել երկու Ֆ-1 տիպի նռնակ եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:





























