Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որը լքեց կառավարությունը Brexit-ի հարցում վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, քննադատել է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցում Մեյի դիրքորոշումը։ Իր կարծիքը նա հայտնել է Daily Mail-ի համար գրված հոդվածում։

Հոդվածում նախկին ԱԳ նախարարը քննադատում է Մեյի «թույլ» մոտեցումը Brexit-ի հարցով բանակցություններին, «թշվառ Չեկերսի ծրագիրը» եւ երկրի կառավարության եւ ԵՄ-ի կիսամազոխիստական հարաբերությունները։

«Մենք բացվեցինք անվերջ քաղաքական շանտաժների համար։ Մենք բրիտանական Սահմանադրության շուրջ փաթաթեցինք մահապարտի գոտի եւ դետոնատորը հանձնեցինք ԵՄ-ի կողմից բանակցությունների մասնակից Միշել Բարնիեի ձեռքը»,-գրել է Ջոնսոնը։

«Դեռեւս բանակցությունների ամեն մակարդակում Բրյուսելը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Մենք համաձայնեցինք ԵՄ-ի ժամկետի հետ, համաձայնեցինք տալ 39 մլրդ ֆունտ ստերլինգ ու ոչինչ չստանալ փոխարենը»,-նշել է Ջոնսոնը։ Նա հոդվածում հավելել է, որ «Չեկերսի ծրագիրը» ենթադրում է, որ Բրիտանիան «կհամաձայնի հավերժ ընդունել նրանց կանոնները»։