Երեք օր է` NEWS.am-ը փորձում է կապ  հաստատել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ` պարզելու նրա որդու առնչությունը փետրվարի 5-ին Գյումրիի ռեստորաններից մեկից ոստիկանություն տարված քրեական հեղինակությունների հետ, սակայն ապարդյուն: Քաղաքապետի  բջջային հեռախոսն անջատված է:

«Մի տագնապեք, նա այսօր, ինչպես միշտ եկել է աշխատանքի, մենք քննարկել ենք  աշխատանքային օրվա հետ կապված մեր անելիքները, մի խոսքով, ամեն ինչ կարգին է»,-NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը` հավելելով, թե Գյումրիում այս օրերին կապը վատ է, ինտերնետը` հատկապես:

Ինչ վերաբերում է քաղաքապետի որդու հետ կապված տեղեկությանը, ապա Աղեկյանը լրացուցիչ անգամ վստահեցրեց. «Քաղաքապետի որդին որեւէ կապ եւ առնչություն չունի այդ պատմության հետ: Չգիտենք, թե այդ լուրերը որտեղից են գալիս եւ ում մտքի ծնունդն են»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրները, Գյումրի քաղաքի «Բյուզանդ» ռեստորան-համալիրից փետրվարի 5-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարվել շուրջ 20-25 քրեական հեղինակություններ:  Մասնավորապես` նախկինում դատապարտված, «Զապ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գեւորիկը»` 41-ամյա Գեւորգ Մելիքյանը, հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» մականունով 40-ամյա Արամ Վարդանյանը, ինչպես նաեւ Գյումրիի քաղաքապետի 37-ամյա որդին` Սպարտակ Ղուկասյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, թե վերը նշված հասցեից ոստիկանություն բերման ենթարկված եւ ձերբակալվածներ չկան, հավելելով, որ «ոստիկանությունը պարբերաբար պրոֆիլակտիկ միջոցառումներ է կատարում քրեածին աշխարհում»: