Երեւանի Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 4-ին երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել Հրայր Մելքոնյանի նկատմամբ, ում տանից մեծ քանակությամբ զենք զինամթերք են հայտնաբերել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման միջնորդությամբ դատարանին էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը:
Նշենք, որ փետրվարի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները նշված դատարանի որոշմամբ խուզարկություն էին կատարել Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի 3-րդ տանը:
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ նշված տան բնակիչ, նախկինում սպանության փորձի համար դատապարտված 49-ամյա Հրայր Մելքոնյանը ապօրինի զենք-զինամթերք ունի:
Խուզարկությամբ նրա տան տանիքի հողածածկույթի տակից հայտնաբերվել է մեկ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, մեկ արտասահմանյան արտադրության «Վալտեր» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով, լիցքավորված մեկ փամփուշտով, 50 հատ 5,45 մմ տրամաչափի եւ 4 հատ 7,62 տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, 5 հատ 7,62 տրամաչափի ատրճանակի փամփուշտ, 3 հատ «Տոզ» հրացանի փամփուշտ, 9 հատ 12 մմ տրամաչափի եւ 14 հատ 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ, 2 հատ ինքնաձիգի դատարկ պահունակ եւ 1 չպարզված զենքի ձգան:
Առգրավված զենք-զինամթերքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի. 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ 2 ամսով կալանքի որոշում կայացրել: Մելքոնյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























