Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով միջազգային հետախուզման մեջ է մեքենայությունների մեղադրանքով, քաղաքական ապաստան է խնդրելու ԱՄՆ-ում, գրում է Associated Press-ը:
Եղիազարյանը 2010թ. ամռանից բնակվում է Լոս-Անջելեսում: Նա պնդում է, որ ստիպված է եղել լքել Ռուսաստանը, քանի որ վախենում է իր կյանքի համար: Ընդ որում, նա հայտարարել է, թե իրեն լիակատար անվտանգ չի զգում նաեւ ԱՄՆ-ում:
Եղիազարյանը նշում է, որ դեկտեմբերի 7-ին Աստրախանում գնդակահարել են իր ազգականին, ում անունը, սակայն, պատգամավորը չի տվել:
Ըստ Եղիազարյանի, ինքը վաղուց է սպառնալիքներ ստանում: 2009թ. նա ստիպված է եղել հրաժարվել «Մոսկվա» հյուրանոցի վերանորոգումից, քանի որ անանուն զանգերի հեղինակները սպառնացել են գլխատել իր երեխաներին:
2011թ. հունվարի 31-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը Եղիազարյանին ձերբակալելու սանկցիա է տվել: Նա մեղադրվում է մոտ 550 միլիոն ռուբլու խոշոր մեքենայությունների մեջ:





























