Ռուսաստանի կառավարությունը փետրվարի 7-ին վաճառքի է հանելու Ռուսաստանի երկրորդ մեծ բանկի` ՎՏԲ բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը՝ ռուսաստանցի եւ օտարերկրյա ներդրողների համար: Այդ մասին որոշումը կայացվել է փետրվարի 6-ին առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի մոտ կայացած խորհրդակցությանը:
Բաժնետոմսերի գնման առաջարկները հավաքելու են «Մերիլ Լինչ» բանկը` «Դոյչե բանկի» եւ «ՎՏԲ կապիտալի» հետ, գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ գլխավոր ռազմավարական ներդրող կարող է դառնալ իտալական Generali ապահովագրական ընկերությունը: Generali-ն գնելու է 10-տոկոսանոց փաթեթի կեսը, իսկ ողջ 10-տոկոսանոց փաթեթի գինը կազմում է 3,5 միլիարդ դոլար: Գործարքի կնքումը կավարտվի 2011թ. փետրվարին:
ՎՏԲ բանկը ՎՏԲ բանկ-Արմենիայի 100 տոկոսի սեփականատերն է 2004 թվականից:





























