Թերթը հայտնում է, որ փետրվարի 6-ին Ստամբուլի օդանավակայանում Սիրիա ուղեւորվելուց առաջ կազմակերպված ասուլիսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կիպրոսի Հանրապետության հետ համագործակցելու մեջ մեղադրեց կիպրացի թուրքերին: Դրա պատճառը դեռեւս հունվարի 28-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում կազմակերպված ցույցն է:
Թեեւ թուրքական լրատվամիջոցները, այդ թվում` վարչապետ Էրդողանի հետ սուր հակասությունների մեջ գտնվող «Դողան հոլդինգի» հրատարակած «Հյուրիեթ» եւ «Միլիեթ» թեթերը շրջանցել էին շուրջ երկու շաբաթվա վաղեմությամբ այդ ցույցը, նկատի ունենալով, որ Կիպրոսի հիմնախնդիրն ազգային հարց է, այնուամենայնիվ, Էրդողանի մեղադրանքներին անդրադառնալիս, նրանք ստիպված որոշակի տեղեկություններ հայտնեցին:
Թուրքական լրատվամիջոցներին ասուլիսում լրացրեց վարչապետ Էրդողանը: Որքան էլ այդ տեղեկությունները կցկտուր լինեն, կիպրացի թուրքերը «Կիպրոսի միասնականության» կարգախոսով, հունարեն եւ թուրքերեն ցուցապաստառներով դատապարտել են Թուքիային եւ պահանջել, որ չբռնանա կիպրացիների կամքի վրա` վերջ տալով անհարկի միջամտությանը: Ընդ որում, ցուցարարները կրել են Կիպրոսի Հանրապետության դրոշներ, չունենալով իրենց ձեռքին գեթ մեկ թուրքական դրոշ:
Այս հանգամանքը խիստ զայրացրել է վարչապետ Էրդողանին, որ ցույցի առնչությամբ պարզաբանումներում շեշտը հենց դրոշի վրա է դրել: Նա ասել է. «Ցուցարարները Հարավային Կիպրոսի հունական հատվածի դրոշն են բարձրացնում: Նրանց ձեռքին թուրքական ոչ մի դրոշ չի եղել: Սա չի կարող «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ժողովրդի մոտեցումը լինել, մեզ հայտնի որոշակի խմբավորման մոտեցումն է` Հարավային Կիպրոսի հետ համագործակցողների: Սրանք «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ծավալած հաշետցման գործընթացը ռմբահարող խմբավորումներ են:
Կարծում եմ, սրանց նկատմամբ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկի հյուսիսային Կիպրոսի վարչակարգը: Մենք էլ կանենք այն, ինչ մեզանից է կախված: Չենք կարող հանդուրժել այդ ամենը: Նրանց նկատմամբ պետք է դատական գործ հարուցել: Ելնում եւ հակաթուրքական ցուցապաստառները ձեռքին Թուրքիային են հայհոյում»:





























