Հարավային Սուդանի բնակչության 98,83 տոկոսը հանրաքվեի ժամանակ կողմ է արտահայտվել, որ այդ շրջանը դառնա անկախ պետություն:

Աֆրիկա մայրցամաքում թվով 53-րդ պետության հռչակումը նախատեսված է հուլիսի 9-ին՝ անցումային շրջանի ավարտից հետո:

ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Հարավային Սուդանը հուլիս ամսին, գրում է Gazeta.ru-ն:

«Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Հարավային Սուդանի ժողովրդին հանրաքվեի հաջող եւ ոգեւորող արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները նախընտրեցին անկախությունը: Ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը մտադիր է հուլիսին պաշտոնապես ճանաչել Հարավային Սուդանը որպես ինքնուրույն, անկախ պետություն»,- նշել է Օբաման:

Հիշեցնենք, որ Սուդանի հարավային մասի անկախության հանրաքվեի արդյունքները ճանաչել է նաեւ Սուդանի նախագահ Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիրը: