Երեւանի Մաշտոց պողոտային կից 20 շենքի դիմաց, այսօր` փետրվարի 8-ին, ժամը 8:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ: Տաքսի ծառայության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի մի կնոջ: Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը՝ 65-ամյա Նազիկ Համբարձումյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: Ականատեսների վկայությամբ, վարորդը՝ 59-ամյա Գեղամ Հակոբյանն իր հերթին է խախտում թույլ տվել` փորձելով շրջադարձ կատարելով չթույլատրված վայրով:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը, ով դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո  հանձնարարել է, որպեսզի տաքսի ծառայության վարորդին տեղափոխեն մոտակա բուժհիմնարկություն` ճշտելու նրա սթափության վիճակը: Այնուհետ Կարեն Ստեփանյանը մեկնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` ճշտելու վրաերթի ենթարկված անձի ինքնությունը: Կարեն Ստեփանյանի հանձնարարականով ՃՈ աշխատակիցները տաքսի ավտոմեքենան տեղափոխել են  Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՈ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի