ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը շատ բուռն ու էմոցիոնալ է արձագանքել մամուլի այն հրապարակմանը, ըստ որի ինքն առաջիկայում կառավարությունում նոր պաշտոն է ստանձնելու: «Էդ ի՞նչ սուտ ու փուչ բաներ են, բա կարելի՞ ա ամեն լսածի հիման վրա նման բաներ գրել: Չի կարելի, էլի….»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղաջանյանը:  

«Ոչ, ոչ, ոչ, նման բան չկա: Ես երեկ էլ եմ Ազգային ժողովում աշխատել, էսօր էլ եմ աշխատում: Այսինքն, ես դեպուտատ եմ եղել նախկինում, եւ սրանից հետո էլ մնալու եմ դեպուտատ»,-հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղարը: Հարցին, թե իսկ եթե կառավարությունում լավ պաշտոն առաջարկեն, չի՞ համաձայնի ստանձնել այն` Աղաջանյանը ծիծաղեց, ապա պատասխանեց. «Ոչ, նախընտրական սեզոն է եւ մեզ դեպուտատական աշխատանքը շատ անհրաժեշտ է»:

Ասել կուզի` ՕԵԿ-ականները  փորձում են առաջիկա մեկուկես տարվա  ընթացքում եւս օգտագործել ԱԺ ամբիոնի ընձեռած հնարավորությունները` իրենց նախընտրական քարոզչության նպատակներով:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում  գործադիր իշխանության մեջ կատարվելու է հերթական փոփոխությունը: Նոր նշանակում է ստանալու ՕԵԿ պատգամավորական խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը: Ըստ այդմ, փոփոխվելու է նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամների կազմը, սակայն ով է Աղաջանյանին փոխարինելու խորհրդարանում, դեռեւս պարզ չէ, բանակցությունները շարունակվում են: