Եթե Գագիկ Ծառուկյանը ասի, որ նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեղինակությունը դրանից կտուժի։ Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

«Նախագահական ընտրությունների ժամանակ սեփական թեկնածու չառաջադրելու փաստը լրջորեն կվնասի ԲՀԿ հեղինակությանը։ Դա հետեւանքներ կունենա նաեւ խրհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կարծում եմ՝ Ծառուկյանը նման հայտարարության չի գնա, մնացածն իր որոշելիքն է։ Դա փաստորեն, ներողություն եմ խնդրում, փչացնելու ձեւ է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ապա յուրաքանչյուր ուժ ցանկանում է առավելագույն հաջողության հասնել։ Պարզ է, որ նրանց միջեւ հակասություն կա»,- նկատեց Կարապետյան՝ միաժամանակ չբացառելով, որ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սատարեն միմյանց։ Նա չբացառեց նաեւ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ժողովրդական կուսակցությունն իշխանության նախագիծն է եւ ընդդիմադիր դաշտ նետված ական, Տիգրան Կարապետյանը նշեց. «Իմ մասին կիլոմետրանոց ստեր են ասվում։ Բայց ես այսքան տարի մաքուր եմ եղել, այդ ամբողջն ասեկոսեներ են, խանդ: Ինձ ուղղակի քրքրում են։ Եթե միանայի իշխանություններին, ական չէի լինի, բայց եթե չեմ միանում, ական եմ։ Իրականում ես չեմ ուզում միանալ իշխանություններին»,- շեշտեց Կարապետյանը։