«Ոչ ոքի չեմ խնդրում միանալ ինձ, ոչ ոքի այդ հարցով չեմ դիմել եւ առավել եւս՝ մերժվել»,- փետրվարի 8-ին լրագրողներիի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե ինքը Ժողովրդական կուսակցությանը միանալու առաջարկով դիմել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ մերժում ստացել։
«Ես ուղղակի զանգահարել եւ խոսել եմ Սեֆիլյանի հետ»,- խոստովանեց Կարապետյանը՝ միաժամանակ չմանրամասնելով, թե հատկապես ինչի մասին են խոսել իրենք։
«Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե նույն առաջարկով հանդիպել եմ նաեւ Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Սարգսյանին, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- պարզաբանեց ԺԿ նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք դատական կարգով վիճարկել ԱԼՄ-ի փակման հարցը, ԺԿ նախագահն ասաց. «Ճիշտ կլիներ, եթե հայցը հանձնաժողովի դեմ ներկայացնեի ոչ թե ես, այլ մեր կոլեկտիվը։ Բայց կեսին խաբելով տարել են, նրանք հիմա այլ տեղեր են աշխատում։ Ինձ ուզում են մանրացնել եւ նույն սեղանի շուրջ նստեցնել Ամալյանի հետ։ Ես իմ վերաբերմունքը ձեւավորում եմ իշխանության եւ նախագահի դեմ, ոչ թե Ամալյանի եւ ոմանց։ Եթե որեւէ մեկն ուրախանում է, որ ԱԼՄ փակվել է, ուրեմն թշնամի է։ Ինչպե՞ս կարելի է ուրախանալ այն դեպքում, երբ 84 ընտանիք մնացել է առանց եկամուտի։ Ճիշտ է, նրանցից 40-ին շարունակում եմ պահել եւ վճարել իմ գրպանից, բայց դա ժամանակավոր է»,- հույս հայտնեց Տիգրան Կարապետյանը։
Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովի կողմից հայտարարված կապուղիների մրցութում ԱԼՄ պարտվել էր 2010 թվականի վերջին։ Ալիքը դադարել էր եթեր հեռարձակվել արդեն հունվարի 20-ից։





























