Սակավաթիվ բեռնատարներով եւ բազմաթիվ պատվերներով բեռնափոխադրող ընկերության նման՝ ԱՄՆ օդային ուժերն այժմ խիստ ծանրաբեռնված են եւ դրանց ինչպես հարկն է չեն հետեւում: Այս մասին գրում է National Interest-ի հեղինակներից Մայքլ Փեքը:

Վերջերս RAND Corporation-ի եւ Government Accountability Office-ի (GAO) հրապարակած հետազոտությունները վկայում են ԱՄՆ օդային ուժերի ոչ բարվոք վիճակի մասին: Առաջին դեպքում դիտարկվել է ԱՄՆ օդային ուժերի պատրաստվածությունը՝ ապագայում հավանական 4 տեսակի հակամարտություններում, որտեղ RAND-ը գնահատել է՝ արդյո՞ք օդուժը կկարողանա կատարել 8 տեսակի առաքելություն՝ ներառյալ օդային գերազանցություն, խոցում, օդային արտակարգ բեռնափոխադրում, օդային լիցքավորում, հրամանատարություն եւ հետախուզություն (C3ISR): Գրեթե բոլոր դեպքերում չի գրանցվել 100 տոկոսանոց արդյունք՝ ըստ RAND-ի հաշվարկների:

Տարածաշրջանային երկար հակամարտության պայմաններում օդուժն ապահովել է հարձակման պահանջների 62%-ը եւ խոցման պահանջների միայն 65%-ը, մինչդեռ օդային լիցքավորման պահանջը բավարարվել է 92%-ով: Հետաքրքիր է, որ ամենավատ արդյունքը գրացվել է հարձակման ամենապակաս հավանականությամբ սցենարում՝ խաղաղապահ առաքելության պարագայում, գրում է հեղինակը:

Մյուս կողմից՝ GAO-ի զեկույցում երեւում է, որ 2011-2016 թվականներին ԱՄՆ օդային եւ ռազմածովային ուժերը չեն բավարարել օդանավերի առկայության նշանակված պահանջարկը: Լուրջ խնդիրներ են հայտնաբերվել պահեստային սպասարկման ոլորտում, անհրաժեշտ որոշ դետալներ դուրս են հանվել արտադրությունից, արհեստավորների պակասուրդ է եղել, շահագործման մեջ են եղել ժամկետանց օդանավեր:

GAO-ն հայտնում է, որ բավարար քանակությամբ օդանավերի բացակայության հետեւանքով անհնարին է դառնում մասնագետների պատրաստումը: «Օդային գերազանցություն ապահովելու համար F-22 օդանավի օդաչուներին ինտենսիվ վարժանք է հարկավոր»,- նշվում է զեկույցում:

Մայքլ Փեքը գրում է, որ ռազմածովային ուժերն էլ, իրենց հերթին, տեղակայված նավախմբերի մարտունակությունը պահպանելու ինքնաթիռներն անընդհատ փոխել են, ինչի արդյունքում զորավարժությունների համար բավականաչափ օդանավեր չեն մնացել:

Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ օդուժի մարտունակության բարձրացման համար կան ակնհայտ լուծումներ. ավելի շատ ինքնաթիռներ, լավ սպասարկում, պակաս տեղակայումներ: Սակայն իրական խնդիրն այն է, որ ԱՄՆ զինուժը պետք է պատրաստված լինի մի շարք տարբեր առաքելությունների կատարման՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները կամ հակահրթիռային պաշտպանության օպերացիաները, որոնք, գուցե, հարձակման մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն պահանջում են անընդհատ թարմացում եւ սպասարկում: Եվ դա պետք է կատարվի թանկարժեք, հնացող եւ հաճախակի շարքից դուրս եկող օդանավերի միջոցով: