Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի իշխանությունների վերարտադրությունը:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 8-ին հայատարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն, ինչպես հայտնի է ընտրական իրավունքի պաշտպանության շարժում է նախաձեռնել:

Ընտրական իրավունքի պաշտպանությունը, ՀՅԴ-ական գործչի խոսքով, երաշխավորելու է թե՜ քաղաքական, թե՜ քաղաքացիական մնացած իրավունքների պաշտպանությունը: «Նախաձեռնության նպատակը լինելու է մեկը` ժողովրդի իշխանություն  հաստատել երկրում, ընտրական իրավունքի իրացման ճանապարհով: Մենք ուսումնասիրելով հետընտրական մեր փորձը, մեր առաջ խնդիր ենք դնում` իրականացնել իշխանափոխություն: Իսկ առանց ցնցումների, անարյուն հեղափոխություն հնարավոր է իրականացնել միայն հասարակական մեծ մոբիլիզացիա իրականացնելով»,-հայտարարեց դաշնակցական գործիչը` մյուս քաղաքական ուժերին առաջարկելով համախմբվել իրենց գաղափարի շուրջ:

«Եթե շարժումը ձեւավորվի, այդ ամեն ինչն էլ տեղի կունենա: Ով վերցնում է իշխանությունը` նա էլ տիրում է իշխանությանը: Ուրեմն ժողովուրդը պետք է վերցնի այդ իշխանությունը»,-հայտարարեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ ընտրական կեղծիքները տասնապատիկ մեծանում են, երբ ընտրողն իր ձայնը չի կարեւորում: