Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ փետրվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը:
Նկատի առնելով, որ Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարաններում ձեւավորված են բարեկամական խմբեր, Սերժ Սարգսյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարեւորությունը:
Դեսպան Ջոն Ռոուանը հեռանկարային է համարել հայ-իռլանդական փոխշահավետ գործակցությունը գիտա-հետազոտական աշխատանքների իրականացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում:
«Կարելի է հայերի եւ իռլանդացիների հանդիպել աշխարհի ցանկացած կետում, եւ դա մեր ընդհանրություններից մեկն է: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուս տարիներին հայերի եմ հանդիպել Բեյրութում, Կալիֆորնիայում եւ այլուր: Ես խորը հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա մշակույթին, որը նույնչափ հարուստ է, որքան` իռլանդականը: Պատրաստ եմ անել ամեն հնարավորը` մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն առավելագույնս նպաստելու համար»,- ասել է Իռլանդիայի դեսպանը:




























