Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 8-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայր» ուղղության ղեկավար Լիզա Քեսթների գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել IFC-ի գործունեությունը Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ու կարեւորել ՀՀ կառավարության եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» ընթացքն ու հետագա անելիքները: Այդ համատեքստում կարեւորվել է համագործակցության խորացումը` հարկերի վճարման, անդրսահմանային առեւտրի եւ տեսչական ստուգումների ոլորտներում: Ընդգծվել է տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը եւս:
Անդրադառնալով հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումներին, նշվել է, որ 2010 թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30 տոկոսը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2011թ. հուվարի 1-ից հարկ վճարողները հնարավորություն են ստացել ավելացված արժեքի հարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Երկուստեք կարեւորվել է նաեւ նոր ստեղծվող բիզնեսի զարգացումը պարզեցնելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրավաբանական անձանց գրանցման համակարգի ներդրումը, ինչի արդյունքում գրանցման գործընթացը կկատարվի 3 օրում: Համակարգի ներդրմամբ շահագրգիռ գերատեսչություններին հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային եղանակով փոխանակել տեղեկատվություն։





























