Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը խիստ քննադատության է ենթարկել Կիպրոսի թուրքական հատվածում անցկացված հակաթուրքական բողոքի ցույցերը՝ նշելով, թե ուրբաթ օրը Թուրքիային հայհոյողները, երկուշաբթի Թուրքիայից ստացան իրենց աշխատավարձերը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք փոխվարչապետը փորձել է մեղմել Էրդողանի ասած «կերակրվել» բառը՝ նշելով, թե դա վերաբերվել է ցույցը կազմակերպողներին։ Ըստ Չիչեքի՝ շատ ամոթալի է, որ ուրբաթ օրը ցույցի ժամանակ հայտարարում են, որ Թուրքիան եւ թուրք զինվորականները բռնազավթողներ եւ զինվորական հանցագործներ են, իսկ երկուշաբթի Թուրքիայից իրենց աշխատավարձն են ստանում:
«Ցույցից առաջ համաձայնություն է կայացվել հունական կողմի հետ, եւ այդ ամենը չհերքվեց։ Ցույցի ժամանակ բացակայում էր Կիպրոսի թուրքական հատվածի եւ Թուրքիայի դրոշը, սակայն կար հունական դրոշը»,-նշել է Թուրքիայի փոխվարչապետը՝ ընդծելով, որ իրենց իշխանության օրոք Կիպրոսի թուրքական հատվածը նշանակալի հաջողություն է գրանցել միջազգային կառույցներում ներկայացվածության աստիճանում:




























