ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ:

Փոխադրողները ներկայացրին իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը եւս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը: Նա վստահեցրեց, որ մասնակից բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:

Ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ եւ փորձեն լավագույնս բավարարել դրանց: Արմեն Փամբուխչյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում նախատեսվող մրցույթի մասնակիցները, որպես թափանցիկության երաշխիք, կարող են հրավիրել հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների՝ հետեւելու հանձնաժողովի աշխատանքին եւ գնահատման գործընթացի օբյեկտիվությանը: