Պետության ուշադրության ուժեղացումը բնական ռեսուրսների նկատմամբ համաշխարհային միտում է, սակայն դրա իրագործման համար անհրաժեշտ են պետական մարմինների բավարար ռեսուրսներ և ինստիտուցիոնալ կարողություններ։ Այս մասին Mining Armenia Forum 2026-ի քննարկումների ժամանակ հայտնել է «Թեղուտ» ՓԲԸ կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը՝ մեկնաբանելով աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում ազգայնացման միտումը։

Գեղամյանը նշել է, որ «ազգայնացում» եզրույթը բիզնես միջավայրում դրական արձագանք չի առաջացնում, ուստի առաջարկել է օգտագործել բնական ռեսուրսների նկատմամբ պետության ավելի մեծ ուշադրության գաղափարը։ Գեղամյանի խոսքով՝ նման միտում դիտվում է ամբողջ աշխարհում և, հնարավոր է, պայմանավորված է վերջին 30–35 տարիների զարգացումներով։ Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ-ը՝ ընդգծելով, որ 2025 թվականին ամերիկյան կառավարությունը 400 մլն դոլարի գործարք է կնքել MP Materials ընկերության հետ։ «Կառավարությունն արդեն անմիջականորեն, դաշնային մակարդակով մասնակցում է հանքարդյունաբերական նախագծերին», — նշել է Գեղամյանը։ Նրա խոսքով՝ պետության ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ դրսևորվում է նաև այլ ուղղություններով, մասնավորապես՝ վաճառքների և արտադրանքի իրացման ուղղությունների նկատմամբ որոշակի վերահսկողությամբ։

Գեղամյանը կարծում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղական պայմաններին դրա հարմարեցումը ընդհանուր առմամբ դրական գործընթաց են։ Սակայն, նրա խոսքով, նման մոտեցումը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել պետական մարմինների հնարավորությունները։ Հիմնական խնդիրներից մեկը, ըստ Գեղամյանի, պետական մարմինների ռեսուրսների, առաջին հերթին՝ ֆինանսական միջոցների անբավարարությունն է։ Միևնույն ժամանակ, նա դրական է գնահատել պետական հատվածում աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ կառավարության վերջին քայլերը։ «Մի բան է վերցնել կարգավորումները և հարմարեցնել դրանք, և բոլորովին այլ բան է ունենալ ներքին ինստիտուցիոնալ կարողություններ դրանց իրականացման և կիրառման համար։ Սա գլխավոր հարցն է», - ընդգծել է նա։

Գեղամյանը նաև ընդգծել է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության կարևորությունը, որի մշակմանը նա մասնակցել է այլ մասնագետների հետ միասին։ Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե փաստաթուղթն ինչ փուլում է գտնվում, այն լրացրել է կարևոր բացը՝ միջազգային ներդրողների համար որոշակիության բացակայությունը։ «Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրենի խոսքով՝ ներդրումային նախագծերի ուղեկցման ընթացքում այժմ արդեն կարելի է հղում կատարել ռազմավարությանը և պոտենցիալ ներդրողներին ներկայացնել Հայաստանի կառավարության՝ առաջիկա տասը տարիների, մասնավորապես մինչև 2035 թվականը, ոլորտի բարեփոխման ծրագրերը։ «Սա արդեն դրական ազդակ է», - նշել է Գեղամյանը՝ հավելելով, որ, չնայած արձանագրված առաջընթացին, դեռ շատ անելիքներ կան։

Առանձին Գեղամյանը կանգ է առել տեղական համայնքների դերի, նրանց կրթության մակարդակի բարձրացման և համայնքների ներկայացուցիչների՝ որոշումների կայացմանը մասնակցության վրա։ Նրա խոսքով՝ այս հարցերը նույնպես արտացոլված են հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության մեջ։ Նա ընդգծել է նախնական հանրային քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ նույնիսկ պետության համար գրավիչ, առաջատար բնապահպանական չափանիշներին համապատասխանող նախագիծը կարող է բախվել խոչընդոտների համայնքային մակարդակում և ի վերջո փակուղի մտնել։ Գեղամյանի կարծիքով՝ խնդիրներից մեկն այն է, որ համայնքների ներկայացուցիչները միշտ չէ, որ տարբերակում են հանքարդյունաբերական նախագծի իրականացման տարբեր փուլերը։

Մասնավորապես, երբ ընկերությունը դիմում է երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա ստանալու համար, համայնքային մակարդակում քննարկումը կարող է վերաբերվել ոչ այնքան այդ լիցենզիայի տրամադրմանը, որքան արդեն գործող ձեռնարկության խնդիրներին, առկա թափոններին և հանքարդյունաբերական գործունեության հետ կապված այլ հարցերին։ Գեղամյանը կարծում է, որ այս երկու փուլերը պետք է որոշակիորեն տարանջատել։ Խնդրի լուծման ուղիներից մեկը նա համարում է համայնքներում կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա ապահովել նախագծերի ավելի առարկայական քննարկում համապատասխան փուլերում։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։