«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել Հանրապետական կուսակցության հետ հարաբերության լարման, Սերժ Սարգսյանի առաջադրած կոալիցիոն նոր հուշագրի եւ առաջիկա քայլերի վերաբերյալ:
Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է NEWS.am-ը, ԲՀԿ-ն պետք է իր պատասխանը հայտնի նոր հուշագրի վերաբերյալ արդեն փետրվարի 11-ին, այսինքն մինչեւ կուսակցության համագումարը, որը նախանշված է փետրվարի 12-ին:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարող ուժերին` Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայասանին» եւ «Օրինաց երկրին» նոր կոալիցիոն հուշագիր է առաջարկել, որը նախանշում է եռակողմ համագործակցության պայմանները 2012-ին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն արդեն հայտարարել են, թե պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում:
ԲՀԿ-ն առայժմ լռում է: Նոր կոալիցիոն հուշագրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը կհստակեցնի կուսակցության քայլերը նախագահական ընտրություններում:





























