Կապանի Շահումյանի անվան հանքավայրի ստորգետնյա հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: NEWS.am-ի թղթակցին  Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից հայտնեցին, որ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած Deno Gold Mining ընկերության  բանվոր, 34-ամյա  Արմեն Եղիազարյանը մահացել է` մնալով «ՄոԱԶ» մակնիշի ինքնագնաց ավտոմեքենայի եւ պատի արանքում: Մեքենայի վարորդը` Սասուն Անասյանը, մեքենան հետ է վարել դեպի հանքի պատը, չնկատելով, որ  պատի եւ մեքենայի արանքում մարդ կա: Վարորդի անփութությունն էլ դարձել է մահվան պատճառ:

Ըստ Հայաստանի տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Մկրտչյանի`վարորդը դժբախտ պատահարից հետ իրեն վատ է զգացել` ընկերոջ մահ պատճառելու համար եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպի մանրամասների մասին Կենտրոնը լրացուցիչ տեղեկություներ կհաղորդի, երբ ավարտվի միջադեպի առթիվ տարվող ամբողջական քննությունը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, ժամը 5-ի սահմաններում: Հանքի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, այժմ մեկուսացված է: