ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ, պահուստային ֆոնդից Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 82 մլն 913 հազար դրամ՝ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ ըստ նախագծի՝ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի՝ 1 մլն 120 հազար, Լոռու մարզպետարանին՝ 11 մլն 200 հազար, Շիրակի մարզպետարանին՝ 22 մլն 93 հազար, իսկ Տավուշի մարզպետարանին՝ 48 մլն 500 հազար դրամ գումար:

Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի եւ շարժիչի ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում:

ՀՀ Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83.0 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները:

ՀՀ Շիրակի մարզում հրատապության կարգով ներկայացվել է՝

 Ամասիա համայնքն ունի բալաբաս ցեղատեսակի ոչխարի բուծման մեծ հնարավորություններ: Ներկայումս համայնքն ունի մոտ 10000 գլուխ ոչխար: Եվրոմիության PRDP ծրագրի շրջանակներում բրդի վերամշակման արտադրամասի ստեղծման նպատակով Ամասիա համայնքի կողմից տրամադրվել է շենք, որն ունի հիմնանորոգման կարիք: Անհրաժեշտ է իրականացնել կտուրի մասնակի վերանորոգման, դռների եւ պատուհանների փոխարինման, հատակների բետոնացման եւ կերամիկական սալիկների տեղադրման, կոյուղագծերի կառուցման, էլեկտրամատակարարման, արտաքին գազաֆիկացման, ջեռուցման համակարգի անցկացման, ներքին հարդարման եւ շենքի սալվածքի վերականգնման աշխատանքներ:

Բազմաբնակարան շենքերի եւ դրանց նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ ստանալու համար պետական վճարումները կատարելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացնել 1 120 000,0 դրամ գումար։

ՀՀ Տավուշի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Իծաքար համայնքին գյուղ․տեխնիկայի տրամադրման անհրաժեշտությունը։ Գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է վարող տրակտոր, իսկ Գանձաքար համայնքին՝ խոտ մամլիչ սարք։

Ջերմոցային տնտեսության, թունաքիմիկատների խանութի, տնկարկային տնտեսության, մեքենա-տրակտորային պարկի համաֆինանսավորում UNDP Ծրագրով Այրում համայնքում կկառուցվի ջերմոցաին տնտեսություն, թունաքիմիկատների խանութ, գյուղտեխնիկայի բազա, տնկարանային տնտեսություն /Ընդհանուր՝ 103մլն դրամի/: Անհրաժեշտ է 20 000,0 հազ դրամի համաֆինանսավորում։

Ենոքավան համայնքի մանրամասն նախագծման համար անհրաժեշտ է 15,000.0 հազ. դրամ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր խաչատրյանը նկատեց, որ ստացվում է, որ համայնքները չունենանալով բավարար չափով գումարներ, այդուհանդերձ ներգրավվում են ծրագրում, հետագայում հույս ունենալով, որ կառավարությունը կհամաֆինանսավորի այն: «Ստացվում է, կա ծրագիր, որի 80-90 տոկոսը կդնի որեւէ այլ կառույց, իսկ համայնքը 10-20 տոկոս պետք է դնի: Մի համայնքի ղեկավար, սթափ գնահատելով իրավիճակը եւ տեսնելով, որ ինքը չունի այդ միջոցները 20 տոկոս ներդրում անելու համար, հրաժարվում է դրանից: Մյուս համայնքի ղեկավարը դարձյալ սթափ գնահատելով իրավիճակը, որ չունի այդ 20 տոկոսը, կարող է գնալ փոքրիկ խորամանկության: Ասել՝ ես կներգրավվեմ այս ծրագրում, հետո գալիս է կառավարություն ու ասում՝ էդ 5 մլն դրամի պատճառով 90 մլն դրամից հո չենք զրկվելու: Պետք է հետագայում հստակ չափորոշիչներ դնենք եւ այդ փոքրիկ խորամանկությունների դուռը փակենք»,-ասաց նախարարը:

Արառփին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայնեց ասվածի հետ՝ նշելով, որ հիմա աշխատում են սուբվենցիաների մեխանիզմն ավելի կատարելագործելու, լուսանցքները փակելու ուղղությամբ: