Շոգն ու երաշտը, որոնք կապված են նաև Էլ Նինյո երևույթի հետ, լուրջ վնաս են հասցրել շաքարի արտադրությանը։ Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանում՝ աշխարհում շաքարի ամենախոշոր սպառող և մեծությամբ երկրորդ արտադրող երկրում։ Շաքարեղեգի անբերքատվությունը հանգեցնում է գների աճի, վատթարացնում է ֆերմերների դրությունը և բարդացնում երկրի էներգետիկ ծրագրերը, գրել է NYT-ը։

11 տարվա ընթացքում ամենաթույլ մուսոնի պատճառով Հնդկաստանում շաքարի գները կտրուկ աճել են հինդուիստական տոների նախաշեմին։ Կառավարությունը նախազգուշացրել է առևտրականներին պաշարների կուտակման անթույլատրելիության մասին և երկար ժամանակ անց առաջին անգամ թույլատրել է շաքարի ներմուծումը, թեև սովորաբար երկիրն ինքն է այն արտահանում։

«Այս բերքը կորել է», — ասել է Մահարաշտրա նահանգից ֆերմեր Մորարջի Պատիլը։ Ջրի պակասի պատճառով նրա շաքարեղեգը բարակ ու ցածր է աճել, իսկ բերքատվությունը, ֆերմերի գնահատմամբ, կնվազի 70 տոկոսով։

Պատիլն արդեն ծանրաբեռնված էր պարտքերով և պարարտանյութերի բարձր ծախսերով։ Բանկը բռնագրավել էր նրա տրակտորը չվճարված վարկերի պատճառով։ Հուսահատված՝ ֆերմերը փորձել էր ինքնասպան լինել՝ խմելով միջատասպան միջոց, սակայն հարազատները փրկել են նրան։ Այժմ նա ստիպված է գումար պարտք վերցնել նաև բուժման համար։

Երաշտը հարվածել է նաև երկրի մյուս շրջաններին. չորանում են ջրհորներն ու ջրամբարները, գետերում ջրի մակարդակը նվազում է։ Միևնույն ժամանակ, շաքարեղեգի մշակությունը մեծ ծավալի ջուր է պահանջում։ Չնայած ռիսկերին՝ ֆերմերները շարունակում են նախապատվությունը տալ դրան՝ համեմատաբար բարձր շահութաբերության և շաքարի գործարանների առկայության պատճառով։

Խնդիրը համաշխարհային բնույթ ունի։ Շոգն ու երաշտը վնասել են շաքարեղեգի ցանքերը շաքարի խոշորագույն արտադրող Բրազիլիայում, ինչպես նաև շաքարի ճակնդեղի ցանքերը Եվրոպայում։ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ շաքարի համաշխարհային գները գրեթե 15 տոկոսով բարձր են, քան մեկ տարի առաջ։

Անբերրիությունը բարդացնում է նաև Հնդկաստանի էներգետիկ ռազմավարությունը։ Երկիրը խթանում է էթանոլի օգտագործումը՝ նավթի ներմուծումը կրճատելու համար, և ներդրել է 20 տոկոս էթանոլ պարունակող ստանդարտ վառելիք։ Այս քաղաքականությունը շաքարի գործարաններին ապահովում է լրացուցիչ եկամուտ, սակայն դժգոհություն է առաջացնում ավտոմոբիլիստների շրջանում. նրանք բողոքում են վառելիքի ծախսի ավելացումից և հին մեքենաների շարժիչների խնդիրներից։

Շաքարի թանկացման պատճառով Հնդկաստանը ստիպված է էթանոլի արտադրության համար ավելի ակտիվ օգտագործել եգիպտացորենն ու բրինձը։ Սակայն այս մշակաբույսերը նույնպես տուժում են շոգից և երաշտից։ Սեպտեմբերի վերջի դրությամբ երկրի մոտ կեսը բախվել էր անոմալ չորությունից մինչև ծայրահեղ երաշտի պայմանների։

Գների աճն անդրադառնում է նաև գնորդների վրա։ Հնդկական հրուշակեղենի խանութներում քաղցրավենիքի գները տոներից առաջ աճել են մոտ 10 տոկոսով, իսկ մարդիկ սկսել են ավելի քիչ գնել՝ սննդամթերքի և վառելիքի ընդհանուր թանկացման ֆոնին։

Տնտեսագետները զգուշացնում են, որ Էլ Նինյոյի հետևանքները կարող են պահպանվել նաև հաջորդ տարի՝ մեծացնելով նոր երաշտների և ջրհեղեղների ռիսկը։ Նավթի ներմուծումից կախված Հնդկաստանի համար ծայրահեղ եղանակային պայմանները դառնում են տնտեսության համար լրացուցիչ փորձություն։