Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է հետաքննող լրագրող Յան Կուցիյակի սպանությանը մասնակցած կասկածյալներին, որը կատարվել էր 2018 թվականի փետրվարին, հայտնում է Dennik N լրատվական պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ ծավալուն հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 8 մարդ, այդ թվում ենթադրյալ սպանողը եւ նրա հանցակիցները։ 

Ոստիկանությունը, միաժամանակ, Facebook–ի իր էջում հայտնել է «բռնությամբ իրագործված հանցագործությանը մասնակցած կասկածյալներին» ձերբակալելու մասին։ Ոստիկանները չեն հստակեցնում, թե խոսքն ինչի մասին է, սակայն խոստանում են մանրամասները հայտնել, երբ դա հնարավոր լինի։

Ավելի ուշ Կուցիյակ ընտանիքի փաստաբան Դանիել Լիպսիցը Reuters–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են կասկածյալների ձերբակալության մասին։

27-ամյա լրագրող Յան Կուցիյակը եւ նրա հարսնացուն փետրվարի 25–ին գնդակահարվել էին Բրատիսլավայից 65 կմ արեւելք գտնվող սեփական տան մեջ։ Վերջին նյութում, որի վրա Կուցիյակը մահից առաջ աշխատում էր, նա ուսումնասիրում էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մերձավորների կապերը իտալացի ձեռնարկատերերի հետ, որոնք, իրենց հերթին, կապված էին մաֆիայի հետ։ Հոդվածը հրապարակվել է Յան Կուցիյակի մահից հետ։