ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն արձագանքել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվությանը, որտեղ նշվում էր, որ բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ:
ԼՂՀ վարչապետի խոսքում ասվում է.
«ԼՂՀ գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախում զբոսաշրջության զարգացումը: Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական փորձառությունը, ինչպես նաեւ սեփական երկրի քաղաքացիների անվտանգության առթիվ մտահոգությունը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ այցելողների անվտանգությունը լիովին ապահովված է: ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, եւ նրանց անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել. ԼՂՀ զինված ուժերը ապահովում են մեր հանրապետության անվտանգությունը արտաքին ագրեսիայից: Բոլոր զբոսաշրջիկները այցելում են Արցախի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի: Կոչ ենք անում ԼՂՀ այցելել ցանկացող բոլոր անձանց լինել ԼՂՀ-ում եւ սեփական փորձով համոզվել դրանում»:





























