Չինացի բոլոր պաշտոնյաները առաջիկա տոնական շաբաթվա ընթացքում պետք է հետեւեն «խնայողության կոդին» եւ զերծ մնան առաջին հերթին պետական միջոցները ծախսելուց, նախազգուշացրել է Չինաստանի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Վերջին տարիներին հաճախ են պատահում այնպիսի պաշտոնյաներ, որոնք տոների ժամանակ պետական միջոցներն են ծախսում բանկետներ կազմակերպելու, նվերներ հանձնելու համար, առանց թույլտվության օգտագործում են ծառայողական ավտոմեքենաները, փողերը ծախսում են շքեղ հարսանիքներ ու հուղարկավորություններ անելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Սրա հետ կապված հանձնաժողովը հիշեցրել է, որ 2015-2017 թվականներին պաշտոնյաների դեմ 989 գործ է հարուցվել, որոնք տոների ժամանակ պետական միջոցներ են ծախսել:
«Տոները հարմար են պաշտոնյաների հանգստի համար, սակայն այդ ժամանակ կարգապահությունը պետք է անշեղորեն պահպանվի»,- շեշտել են հանձնաժողովից:
Չինաստանում հոկտեմբերի 1-ից Չինաստանի կազմավորման օրվա առիթով (1949 թվականի հոկտեմբերի 1) սկսվում է ոչ աշխատանքային «ոսկե շաբաթը»:




























