ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011 թվականից գործում է 9-11 ծառայությունը, որը գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ։ Այդ մասին ասյօր՝ հոկտեմբերի 2-ին հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ շատ են գրանցվում դեպքեր, երբ ահազանգողը նույնիսկ չի կարողանում գոնե մոտավոր ներկայացնել դեպքի վայրի հասցեն։ Նման իրավիճակներում, նախարարի խոսքով, անհետաձգելի օգնությունն ուշանում է։ Առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավվելու անհրաժեշտություն։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է 9-11, 1-02, 1-03 համարներն կատարվող զանգերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ։ Պաշտոնյան հայտնել է, որ առաջարկ են ստացել 1-01 եւ 1-04 ծառայությունները նույնպես ներառել ցանկում։ «1-01-ի դեպքում առաջարկն ընդունվել է, իսկ ինչ վերաբերում է 1-04 ծառայությանը, ապա դա գազի ենթակառուցվածքները սպասարկող հեռախոսահամարն է, որը պետական մարմինների կողմից չի սպասարկվում»։
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ այս օրինագիծը առաջ էր բերել պատգամավորների մտահոգությունը։ Օրինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այս օրինագիծը կարող է մարդու իրավունքների խախտման հանգեցնել։
Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է թույլ տալ ԱԻՆ ծառայություններին, շտապօգնությանը, ինչպես նաեւ ոստիկանությանը ահազանգեր ստանալու դեպքում ներդնել եւ օգտագործել գտնվելու վայրի որոշման համակարգ։ Բացի այդ, համապատասխան ծառայություններ մատուցող օպերատորին կամ աշխատակցին առաջարկվում է հասանելիություն տալ ահազանգը հնչեցրած քաղաքացու անձնական տվյալներին։




























