Ըստ էության առաջարկվում է վերընթերցել օրենքը արդեն նոր խմբագրությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ–ում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա հավաստաիցմամբ՝ օրինագիծը նպատակաուղղված է ՀՀ տարածքում ազատ տնտեսական գոտիների գործունեության համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Պետք է նաեւ նշել, որ կառավարության որոշմամբ Հրազդան քաղաքը կդառնա 4-րդ ազատ տնտեսական գոտին կրիպտոարժույթի մայնինգ-կենտրոնով։  Էկոհամակարգի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը կդառնա ECOS ընկերությունը, որը պատասխանատու կլինի տեխնոլոգիական կլաստերի զարգացման համար։

ԱՏԳ գլխավոր խնդիրն է դառնալու բլոքչեյնի՝ արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման հիմքով աշխատող նախագծերի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծումը:

ԱՏԳ էկոհամակարգը կներառի կրթական-հաղորդակցային նախագծեր, հետազոտական լաբորատորիաներ, էլեկտրոնային հարթակներ՝ սթարթափերում ներդրումներ գրավելու համար եւ դատա-կենտրոն՝ մայնինգի համար: ԱՏԳ ռեզիդենտները 25 տարի կունենան ԱԱՀ զրո տոկոս տոկոսադրույք եւ կազատվեն շահութահարկից:

ECOS էկոհամակարգի գործունեության առաջին փուլում նախատեսվում է ներգրավել ավելի քան 100 մլն դոլարի ներդրում: