2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահների, թիմերի ղեկավարների եւ վերջին տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ղջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս քննարկումը Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակ ունի: «Ուսումնասիրելով վերջին տարիներին ՀՀ թիմերի արձանագրած արդյունքները՝ ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային հարթակներում՝ արժանանալով ավելի քիչ թվով մրցանակների: Եվ մեր նպատակն է՝ մասնագետների հետ քննարկել առկա խնդիրները, այդ թվում՝ պետբյուջեից օլիմպիադաների ֆինանսավորման հետ կապված հարցերը՝ տրամադրվող գումարներն առավել արդյունավետ բաշխելու նպատակով»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ հանդիպման մասնակիցները կկիսվեն իրենց դրական փորձով եւ առաջիկա անելիքներով, ինչպես նաեւ համապատասխան հետեւություններ կարվեն՝ իրավիճակը բարելավելու նպատակով:
Քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանին են ներկայացվել օլիպիադաների կազմակերպման ընթացակարգը եւ ֆինանսական հատկացումները, ինչպես նաեւ նախանշվել են առկա հիմնական խնդիրները: Որպես ցանկալի արդյունքի հասնելու հիմնական խոչընդոտներ՝ հանդիպման մասնակիցները նշել են լաբորատորիաների բացակայությունը, մարզերում համապատասխան խմբակների եւ մասնագետների պակասը, փորձագիտական հմտություններ ունեցող դպրոցականների փոքր թիվը եւ այլն:
Նշվել է, որ օլիմպիադան առավելապես կամավորական շարժում է, որի հիմքում ընկած են դրանում ներգրավված մարդկանց նվիրումը եւ անձնական նախաձեռնողականությունը: Առաջարկ է հնչել՝ նախեւառաջ կանոնակարգել օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, ինչպես նաեւ վերականգնել օլիմպիական ճամբարները, որտեղ, ըստ մասնագետների, դպրոցականները հնարավորություն կունենան օլիմպիադայից առաջ բարելավել իրենց պատրաստվածության մակարդակը:
Ամփոփելով քննարկումը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում, որը, ըստ նախարարի, լրացուցիչ խթան կհանդիսանա՝ օլիմպիական շարժումը զարգացնելու համար:




























