«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը մեկ այլ քրեական գործի շրջանակներում կալանավորվել է: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հոկտեմբերի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սպանության գործով հերթական դատական նիստին։

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի նախկին թիկնապահ Արմեն Գասպարյանն, ով մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու և իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ, մինչև վերջերս ազատության մեջ էր։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Բացի հիշյալ հանցագործությունից, Գասպարյանը մեղադրվում է   Չարենցավանում 2018թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած սպանության փորձի մեջ: Նշենք, որ այդ օրը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Հովհաննես Թադևոսյանը կրազենային վնասվաքծներով տեղափոխվել էր հիվանդանոց: Գործը քննվում է քննչական կոմիտեի Կատայքի քննչական բաժնում:

Արմեն Գասպարյանը նախկինում հերքում էր իր առնչությունը  Թադևոսյանի մահափորձին: Դատարանում լրագրողների հետ զրույցում Գասպարյանն անգամ հայտարարել է, որ եթե իր հետ կապված որևէ խնդիր լիներ՝ օրենքի առաջ պատասխան կտար։

Հաշվի առնելով Գասպարյանի՝ մահափորձի գործով կալանավորվելու հանգամանքը, նրան այսօր դատարան պետք է ներկայացնեին համապատասխան քրեակատարողական հիմնարկից։ Սակայն Գասպարյանն այսօր  չէր բերվել դատարան, քանի որ դատարանի կողմից նման պահանջ չէր ներկայացվել: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ Գասպարյանի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չունի, դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել նրա պաշտպան Լուսինե Ավագյանի հետ, սակայն չի ստացվել: Բաղդասարյանը նշեց, որ մինչև առաջիկա նիստը կփորձի ապահովել Արմեն Գասպարյանի ներկայությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Հովհաննես Թադևոսյանը հրազենային վիրավորում էր ստացել իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում` Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, Հովհաննես Թադեւոսյանը ճանաչվել է տուժող: