Բրազիլիայի Տոկանտինս նահանգում բանտում խռովություն բարձրացնելուց հետո փախուստի դիմած 10 դատապարտյալներ զոհվել են ոստիկանների հետ բախումների ժամանակ, հայտնում է Periodico պարբերականը՝ վկայակոչելով ռազմական ոստիկանությունում աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ դատապարտյալները երեքշաբթի ապստամբություն էին բարձրացրել Արագուաինա համայնքի Barra da Grota բանտում: Նրանք պատանդ էին վերցրել բանտում դասեր տվող մանկավարժին եւ զինաթափել հաստատության 2 աշխատակիցների:

Հաջողվել է փախչել առնվազն 20 դատապարտյալի: Ոստիկանությունը սկսել է փախստականներին բռնելու գործողությունը, որի ընթացքում գնդակահարել է փախուստի դիմածներից 10-ին: Մյուս 10-ը դեռեւս ազատության մեջ է:

Պարբերականը հայտնում է, որ բանտը հիմա իշխանությունների վերահսկողության ներքո է: