Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

ԲՀԿ քվոտայով մարզպետի պաշտոնում նշանակված Միրիջանյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,

Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:

Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը:

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»:

Նշենք, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներն ազատված են պաշտոններից: