Հնդիկ հետազոտողները պարզել են, որ վերջին 6 տարիներին աշխարհում սելֆիի պատճառով մահացել է ավելի քան 250 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Washington Post-ին:

Նյու Դելիում Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են սելֆիի ժամանակ մահացությունների վիճակագրությունը 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի նոյեմբեր եւ հայտնաբերել են մահացու ելքով 259 անհաջող սելֆի:

Այս մասին նշվում է «Ընտանեկան բժշկության եւ առաջնային բժշկասանիտարական օգնության» ամսագրի հուլիսյան համարում:

Ամենից հաճախ սելֆիի սիրահարները խեղդվում են, մահանում են տրանսպորտի բախումների հետ կապված պատահարների ժամանակ, օրինակ փորձելով նկարվել մոտեցող գնացքի ֆոնին,  ինչպես նաեւ բարձրությունից նկարվելիս են ընկնում:

Սելֆի անելու ընթացքում մահերի մեծ մասը գրանցվել է Հնդկաստանում: Յուրահատուկ կադր ստանալու մոլուցքի պատճառով հաճախ մահանում են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պակիստանում, նշվում է զեկույցում:

Դժբախտ դեպքերը, որպես կանոն, տեղի են ունենում թեթեւամտության կամ ազնգուշության պատճառով: Այսպես, 2018-ի մայիսին Հնդկաստանի բնակիչը որոշել է նկարվել վիրավոր արջի կողքին, կենդանուն դա դուր չի եկել եւ նա հոշոտել է տղամարդուն, հաղորդում է The Independent-ը:

Սելֆիի արդյունքում բոլոր զոհերի ավելի քան 85 տոկոսը 10-ից 30 տարեկան երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են:

Հրապարակման հեղինակները կասկածում են, որ մահացածների քանակը, հավանաբար, իրականում ավելի շատ է, քանի որ շատ ողբերգական դեպքերի մասին պարզապես չի հաղորդվում:

Աղամ  Բանսալի խոսքով, սելֆիի սիրահարներին կարելի է փրկել առավել վտանգավոր վայրերում սելֆիի արգելքի միջոցով՝ բարձրահարկ շենքերի, ջրվեժների, ապառաժ լեռների ծայրին: