«ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը ԵՄ աջակցող թիմի հետ համատեղ մշակել է ծրագրի շրջանակում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչները:

Հիշեցնենք, որ «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով:

Որպես հիմնական չափորոշիչներ դիտվելու են աշխարհագրական բարենպաստ դիրքը, 9-14 հարկայնությունը, շենքերում երկու եւ ավելի մուքերի, առնվազն երկու վերելակների, հարթ ու վերանորոգված տանիքի, ինչպես նաեւ ՖՎ համակարգի յուրաքանչյուր 1ԿՎ հզորության համար առնվազն 10քմ տարածքի առկայություն: Առանձին նշված է նաեւ շենքի կառուցապատումից հետո նոր հարկերի ավելացման բացակայությունը:

Չափորոշիչներում առաջնահերթ է դիտարկվելու նաեւ սեյսմիկ անվտանգության ապահովման հարցը (վթարայնության առավելագույնը աստիճանը  կարող  է լինել 2-րդ կարգի): Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել առանձին փորձաքննություն: Բացի այդ, շենքերի բնակեցվածությունը պետք է լինի նվազագունը 85 տոկոս:

Ի դեպ, նշենք, որ շենքերի ընտրության հարցում կարեւոր սկզբունք է սոցիալական բաղադրիչը, այդ թվում ծրագրում ընդգրկվելիք շենքերում սոցիալապես անապահով ընտանիքների առկայություն՝ ընտանիքների անապահովության գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգում հաշվառված կամ որեւէ այլ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողների, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների եւ (կամ) հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների եւ այլ խոցելի խմբերի առկայություն:

Չափորոշիչներով կարեւորված է նաեւ արդյունավետ գործող համատիրություն ունենալը, եւ, իհարկե, ծրագրի իրագործման հարցում նրանց եւ շենքի բնակիչների համաձայնությունն ու պատրաստակամությունը:

Աշխատանքային խմբի կողմից համատիրությունների համար մշակվել է նաեւ հատուկ հարցաշար, որի արդյունքները կգնահատի ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովը:

Նշենք, որ առաջիկայում հանդիպումներ կկազմակերպվեն վարչական շրջանների համատիրությունների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու ծրագիրն ու ծանոթացնելու հարցաշարերի լրացման կարգին: