Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հոկտեմբերի 5-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:

Հիշեցնենք, որ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 27-ամյա Կոնգոյի քաղաքացի՝  Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝Երեւանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում 27-ամյա Հարություն Դ.-ն Տոնտոնիին «նեգր» է անվանել, ինչի հետեւանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հարություն Դ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կոնգոյի քաղաքացուն:

Կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Հարություն Դ.-ին եւ բերման ենթարկել եւ ձերբակալել: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: