Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Բարսելոնայում՝ տեղեկացնում է La Vanguardia-ն։

Հոգեհանգստի արարողությունը, որի ընթացքում երկրպագուները կարող են հրաժեշտ տալ անզուգական երգչուհուն, կկայանա հոկտեմբերի 7-ին։

Կաբալյեի հուղարկավորությանը մասնակցելու համար Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կմեկնի Բարսելոնա։

Հանրահայտ երգչուհու մահվան մասին հայտարարվել է հոկտեմբերի 6-ին։ ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է, որ Կաբալյեն սեպտեմբերի վերջին միզապարկի խնդիրների հետ կապված բուժման կուրս էր անցնում Բարսելոնայի բուժհաստատություններից մեկում։

Նրա մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել Իսպանիայի թագավորական տունը՝ երգչուհուն անվանելով «օպերայի մեծ սենյորա»։

Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալյեն երկու անգամ այցելել է Արցախ՝ 2013-ին եւ 2014-ին։ 2014թ․ նա Ստեփանակերտում բացառիկ համերգ է տվել՝ նվիրված հրադադարի 20 ամյակին։ Իր այդ այցերի համար նա սուր քննադատության է արժանացել ադրբեջանական իշխանությունների կողմից եւ ներառվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

Մոնսերատ Կաբալյեն (ամբողջական անունը՝ Մարիա դե Մոնսերատ Վիվիանա ԿոնսեպսիոնԿաբալյե եւ Ֆոլկ) ծնվել է 1933թ․ ապրիլի 12-ին՝ Բարսելոնայում։ Նա հայտնի է դարձել իր բելկանտո տեխնիկայով եւ իտալական դասական օպերաներում դերակատարումներով։ Հսկա երգացանկ (88 դեր), մոտ 800 կամերային ստեղծագործություններ։ Իր կարիերայի ընթացքում Կաբալյեն կատարել է ամենաբազմազան պարտիաներ։

Ռոքի սիրահարներին երգչուհին հայտնի է Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ Barcelona (1988) ալբոմով եւ շվեյցարական Gotthard խմբի հետ 1997թ․ ձայնագրած One Life One Soul ռոք-բալլադով։