Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 10-ին մեկնարկել է Արմավիրի մարզի ոստիկանության քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, խոսքը Հայաստանի գլխավոր դատախազի հովանավորյալ, «Էլիտ Շանթ» ՍՊԸ տնօրեն Վարշամ Ղարիբյանի կողմից իր հորաքրոջ որդուն դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական գործը կարճելու վերաբերյալ է: Գործով տուժողը Ղարիբյանի հորաքրոջ որդին է՝ Հովհաննես Եղիազարյանը, ում միակ մեղքն այն է, որ Վարշամ եւ Մանվել Ղարիբյան եղբայրների վեճում «հանդգնել» էր պաշտպանել Մանվել Ղարիբյանին՝ այսպիսով արժանանալով Հայաստանի գլխավոր դատախազի հովանավորյալ Վարշամի զայրույթին: Վերջինս առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար, ավելին Վաղարշապատի քննչական բաժանմունքում չորս անգամ կարճել էին նրա դեմ հարուցված քրեական գործը:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի համաձայն՝ 2008թ. սեպտեմբերի 23-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող իր տան դիմաց, իրեն պատկանող «Աուդի Ա6» մակնիշի  99 ՕՍ 505 պետհամարանիշի ավտոմեքենան կայանելու պահին Հովհաննես Եղիազարյանի վրա է հարձակվել վերջինիս հորաքրոջ որդին` Երեւան քաղաքում գործող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության նախագահ Վարշամ Ղարիբյանը, ով հարվածներ հասցնելով նրան եւ նստելով ավտոմեքենայի ղեկին, այն վարել է մինչեւ Երեւան քաղաքում գտնվող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության գործարան: Այնտեղ մի քանի ժամ շարունակ Հ.Եղիազարյանը դաժան ծեծի է ենթարկվել Վ.Ղարիբյանի կողմից, որը զուգորդվել է նրա արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված այլ գործողություններով` Հ.Եղիազարյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի լկտի հայհոյանքներ ուղղելով, վերջինիս հագուստները վրայից հանելով եւ այլն: Բացի այդ, Վարշամ Ղարիբյանը խլել էր հորաքրոջ որդու «Աուդի Ա6» մեքենան եւ ստիպել էր պարտավորագիր գրել, թե 10 միլիոն դրամ գումար է պարտք իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ, եւ Վարշամ Ղարիբյանին ընդգրկել էին որպես մեղադրյալ, սակայն քննիչ Պետրոս Բոյաջյանը չորս անգամ կարճել էր քրեական գործը` ուշադրություն չդարձնելով Վաղարշապատի ընդհանուր իրավասության դատարանի վճիռներին:

Այսօր` փետրվարի 10-ին կայացած նիստին վերջապես ներկայացել էին քննիչ Բոյաջյանն ու Արմավիրի դատախազության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

Նիստի սկզբում Հովհաննես Եղիազարյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին` պատճառաբանելով, որ դատավորը չի կարող անաչառ եւ անկողմնակալ լինել եւ կաշկանդված է դատախազության դեմ որոշումներ կայացնելու հարցում: Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունը` նկատելով, որ նախկինում իր կայացրած վճիռները չեն կարող ազդել այս գործի վրա:

Այնուհետեւ փաստաբանը ներկայացրեց իր բողոքը, որով պահանջում է բեկանել քննիչ Բոյաջյանի` քրգործը կարճելու մասին որոշումը:
Դատական հաջորդ նիստը կայանալու է փետրվարի 21-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նկատեց, որ գործում այնքան շատ են Վարշամ Ղարիբյանի մեղքն ապացուցող փաստական հանգամանքները, որ քիչ թե շատ արդար որեւէ դատարան, որը չի գտնվում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կրնկի տակ, չի կարող մերժել իրենց ներկայացրած բողոքը: