Եվրախորհրդարանում փետրվարի 9-ին կայացել է «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» (Human Rights Without Frontiers) հասարակական կազմակերպության միջոցառումը` «Չլուծված հակամարտության հետեւանքները. Լեռնային Ղարաբաղ» խորագրով, որտեղ արգելվել է Խոջալուից ենթադրյալ մի փախստականի վկայությունը: Միջոցառումը նախագահել է ռումինահպատակ հունգար, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Թոքեշը:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի եւ այլ կազմակերպությունների վճռորոշ միջամտության արդյունքում՝ Լասլո Թոքեշը փոփոխության է ենթարկել միջոցառման հայտագիրը եւ արգելել է Խոջալուից ենթադրյալ մի փախստականի վկայությունը: Ականատեսների ներկայությամբ, Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները կոպիտ կերպով առգրավել են հանձնախմբի կողմից սրահի մուտքի մոտ տեղադրված լուսաբանող փաստաթղթերը:
Ի զարմանս ներկա ադրբեջանցիների, Եվրախորհրդարանի փոխնախագահ Թոքեշը նշել է, որ մարդու իրավունքներն ամեն տեղ նույնն են, եւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Եվրախորհրդարանի՝ 2010 թ. նոյեմբերի 22-ի լիագումար նիստի հայտարարությունը, որով կոչ ուղղվեց ԵԽ նախագահ Եժի Բուզեկին, որպեսզի նա էլ իր հերթին դիմի Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով:
«1988-ից ի վեր հայկական հողը լքած ադրբեջանցիները նյութական հատուցում են ստացել, սակայն Ադրբեջանը դեռեւս պարտք է մնում Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը վերապրած հայ փախստականներին: Մենք կոչ ենք ուղղում եվրոպահայ կառույցներին, որպեսզի Հայաստանում ու Արցախում ապաստանած փախստականների կյանքի դժվար պայմանների հանդեպ հետաքրքրություն առաջացնեն Եվրոպայի քաղաքական եւ մարդասիրական կառույցներում»,- Yerkir.am-ի փոխանցմամբ, ասել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը:





























